Հանդիպել են ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները

2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական երկկողմանի հարաբերություններին:

Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար ու կարևորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական միջդատարանական երկխոսությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել եվրասիական տարածքում փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ սահմանադրական արդարադատության, իրավական փորձի փոխանակման և դատական պրակտիկայի ուսումնասիրության բնագավառներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել