2022 թվականի հունվարի 1-ից «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները փակվել են, ինչի արդյունքում հիմնարկի անձնակազմը, այդ թվում՝ Գևորգ Բեգլարյանը մնացել են առանց աշխատանքի ու ընդգրկվել են կադրերի ռեզերվ։ Iravaban.net-ի հետ զրույցում Բեգլարյանը ընդգծեց, որ շատ անգամներ է գնացել քրեակատարողական ծառայություն՝ թափուր աշխատատեղերի մասին իմանալու համար, սակայն երբ սկսել են անձանց աշխատանքի ընդունել, Գևորգ Բեգլարյանին այդ մասին չեն տեղեկացրել։
«Աշխատանքի են ընդունել այնպիսի մարդկանց, ովքեր նախկինում համակարգում չեն աշխատել։ Ես էլի դեմ չեմ, ուղղակի սկզբում պետք է աշխատանքով ապահովեին նրանց, ովքեր քրեակատարողական հիմնարկների փակվելու մասին Կառավարության որոշման պատճառով մնացել են առանց աշխատանքի։ Կոնկրետ ես ունեմ 2 անչափահաս երեխա, ընտանիքիս հետ բնակվում եմ վարձով ու այդ աշխատանքը ինձ անհրաժեշտ էր»,-պատմում է Բեգլարյանը՝ հավելելով, որ ինքն այդ մասին նամակ է գրել Արդարադատության նախարարին, սակայն վերջինիս պատասխանել են, որ ինքը մրցույթին չի մասնակցել։
Նա նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քրեակատարողական ծառայության պետին իր կողմից ուղարկված նամակներից հետո ռեզերվում գտնվող այլ աշխատողների կանչում են, ընդունում աշխատանքի, սակայն ոչ իրեն։
«Հունվարից մինչև մայիսի 16-ը որևէ մեկին աշխատանքի առաջարկ չէին արել։ Արել էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բարեկամին, Արդարադատության նախարարի քրոջ տղային նշանակել են «Աբովյան» ՔԿՀ-ում։ Իսկ ով դատախազի կամ նախարարի բարեկամ չի՝ մնացել է առանց աշխատանք։ Իրենք լավ գիտեն իրենց աշխատողների խնդիրները, սակայն ոչ մի բան չեն անում։ Ասում են՝ մյուս անգամ դուռը չբացեք, չգաք, երբ կլինի՝ կասենք։ Վարչապետին ուղղված իմ նամակից հետո վարչությունում իրար են խառնվում, բացի այդ՝ իմ նամակը սկսում են քննարկել նախկինում ինձ հետ աշխատածների հետ։ Գաղտնիություն, Սահմանադրություն կա մեր երկրում, ինչի՞ չեք պահպանում»,-ասում է Գևորգ Բեգլարյանը։
Արդարադատության նախարարությունից իրեն ուղղված պատասխանում նշվում է, թե ինքը չի ներկայացել, չի հետաքրքրվել առկա թափուր հաստիքներով, սակայն Գևորգը պնդում է, որ նախարարությունից ստում են. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ կա ելքի և մուտքի մատյան, բացի այդ, բազմիցս մտել եմ կադրերի բաժնի պետի մոտ, կան հեռախոսազանգեր»։
Գևորգ Բեգլարյանը պատրաստվում է դիմել վարչական դատարան, պահանջելու է վերծանել բոլոր հեռախոսազանգերը, ներկայացնելու է մատյանները։
«Ես հիմա այս ղեկավարության հետ էլ չեմ ուզում աշխատել, իրենք ստի վրա են աշխատում։ Վարչապետին գրված իմ նամակներում ես խնդրել եմ, որ դրանք չհասցեագրեն ո՛չ Արդարադատության նախարարություն, ո՛չ Քրեակատարողական ծառայություն։ Ես ուզում էի, որպեսզի ինքը իմանա այդ ամենի, այդ ստերի մասին։ Սակայն հաջորդ նամակս էլ հասցեագրել են ԱՆ, նրանք էլ ուղարկում են ծառայություն»։
Բեգլարյանը Iravaban.net-ին է տրամադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, որում ասվում է.
«Ձեզ ուղարկած նամակիս պատճառով ինձ սպառնում են առանց աշխատանք թողնել:
Մինչև բուն թեմային անցնելը, նախ խնդրում եմ թեման չքաղաքականացնել։
Ես՝ Գևորգ Բեգլարյանս, ունեմ բարձրագույն կրթություն, 2007-ի հուլիսից աշխատում եմ Քրեակատարողական ծառայությունում։ Ամուսնացած եմ ունեմ երկու անչափահաս երեխա: Ունեմ խրախուսանքներ`արդարադատության նախարար Պարոն Գ. Դանիելյանից, 2008թ-ի փետրվարի 26-ին՝ Աբովյան ՔԿՀ-ի պետ Պարոն Ա. Սարգսյանից 2012թ-ի փետրվարի 3-ին։
2019-2022-ն աշխատել եմ «Հրազդան» ՔԿՀ-ում։ 2022-ի հունվարի 1-ից լուծարվեցին «Հրազդան» և «Կոշ» ՔԿՀ-ները, որպես սպա՝ օրենքով նախատեսված կարգով անցել ենք կադրերի ռեզերվ (ավարտը՝ ս/թ հուլիսի 1- : է):
Մեծարգո Պարոն Վարչապետ հունվարից մինչև մայիսի 19- ը, ոչ մի աշխատակից աշխատանքի առաջարկ չի ստացել,մինչև Ձեզ նամակ գրելը։ Բազմիցս այցելել եմ Քրեակատարողական ծառայություն, զանգահարել կադրերի բաժին ու հետաքրքրվել իմ աշխատանքային ճակատագրի մասին: Պատասխանել են (երբ տեղ լինի կասենք) դա այն դեպքում, երբ թափուր հաստիքներ միշտել եղել են, ապացույցն՝ իրենց կայքում հայտարարված մրցույթներն են: Այդ մրցույթներին դիմել են մեկական անձիք և հենց այդ ՄԻԱԿ դիմորդներն էլ հաղթել: Հարց. ինչպե՞ս եղավ, որ ես չեմ դիմել: Անտեսել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1մասի 1,2,3,4 կետերը և 3 մասը։
Այս ամենից նամակ եմ գրում անձամբ Ձեզ ( ս/թ մայիսի-10) ու պատմում կատարվածի մասին:
Վարչապետի աշխատակազմն այդ նամակն հասցեագրում է Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ ուղիղ այն հիմնարկ որից դժգոհ եմ (ՔԿԾ) և ինչպես կարող են հենց իրենքել օբյեկտիվ լինել? Ձեզ ուղղված այդ նամակս, ՔԿԾ-ում դարձնում են քննարկման առարկա (մայիսի 16-ին), հայտարարելով՝ հենց նամակ գրելու համար էլ պետք է մոռանամ աշխատանք ունենալու մասին:
Մայիսի 17-ին, նամակ եմ գրել նաև Արդարադատության Նախարար Պարոն Անդրեասյանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, որ ՔԿԾ-ում հրապարակային քննարկման թեմա են դարձրել վարչապետին ուղղված նամակս, սպառնալով՝ աշխատանք չունենալով։ Աշխատանք չունեմ ու փորձել եմ հասկանալ, ինչու՞ որպես խրախուսանքների արժանացած սպայի ռեզերվից չեն վերադարձնում համակարգ, մինչդեռ թափուր հաստիքներ կան:
Արդյո՞ք խախտում եմ արել, ժողովրդավարական երկրում իմ իրավունքները ռեալիզացնելով: Իսկ արդյո՞ք խախտում չէ նրանց արարքը, անգամ խախտելով ՀՀ սահմանադրության 34 հոդվածի 1-մասը? Այս հարցերս անպատասխան թողնելով նախարությունից ինձ ուղարկում են մի գրություն, ըստ որի ես իբր ցանկություն չեմ հայտնել մասնակց ել մրցույթի: Պնդում եմ՝ սա սուտ է: Ես գնացել եմ, որ դիմեմ մրցույթի, ասել են՝ հարկ լինի՝ կկանչենք: ՔԿԾ-ն անցագրային կետում օրով ու ժամով արձանագրվում է քաղաքացիների և աշխատակիցների ելքերն ու մուտքերը: Այնտեղ նաև իմ տվյալները կան: Անգամ դա են անտեսել:
Խնդրում եմ հանձնարարեք ստուգել թե ինչպե՞ս է եղել, ու այցելել եմ կադրերի պետ` արդարադատության գնդապետ Պարոն Հ.Նավասարդյանին բազմիցս, բայց չեմ մասնակցել մրցույթներին: Ինչու՞ աշխատանքի առաջարկներ չեմ ստացել։ Իրենց համար միևնույն է նաև 44- օրյա պատերազմի մասնակից, երկու թևի վիրավորում ստացած ՔԿԾ_ի 53 հոգանոց ջոկատի հրամանատար, արդարադատության փոխգնդապետ Ատոմ Մխիթարյանին, արդարադատության փոխգնդապետ Սամվել Բաբայանին առանց աշխատանքի թողնելը:Որ առաջնահերթ իմ կարծիքով հենց իրենք են արժանի։ Մարդիկ հանուն հայրենիքի պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, անչափահաս երեխաներ ունեն:
Պարոն Փաշինյան, ժողովրդավարական երկրում, նաև Ձեզ նամակ գրած հպարտ քաղաքացին կանգնել է աշխատանքն ընդմիշտ կորցնելու վտանգի առաջ:
Հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության օրն է նշում իմ երկիրը, բայց այդ այդ երեխաների ծնողին սպառնում են գործի չընդունել նամակի համար:
Իսկ ռեզերվում հայտնված մյուս աշխատակից-ծնողները տենելով այս ամենը, ազատման դիմումներ են գրում։ Ցանկացած հպարտ քաղաքացի այսքանից հետո ինչպե՞ս կարող է աշխատել այն ղեկավարության հետ, որը Վարչապետին ուղղված նամակը մատի փաթաթան են դարձնում` օրինակ ՔԿԾ-ում, կամ արդարադատության նախարարությունը առանց ստուգումներ կատարելու բացահայտ ՍՏՈՒՄ է պատասխանելով քաղաքացու նամակին։
Պարոն Վարչապետ, վստահեմ, որ Ձեզ այդպես էլ չհասավ նամակս, այդպես էլ չտեղեկացաք այս ամենի մասին: Ստիպված եմ այսպես՝ հրապարակային դիմել Ձեզ, որ արդար ու ճիշտ լուծում տաք:
Խնդիրների դեպքում միևնույնն է շարունակելու եմ խոսել, իմ երկրի ղեկավարը պետք է տեղյակ լինի, թե ինչպես է համակարգը խորը թաղում խնիրներն ու դամբարանների վրա «արդարադատության» դրոշը ծածանում»։
Վարչապետի աշխատակազմից նամակը փոխանցել են Արդարադատության նախարարությունը, որտեղից Բեգլարյանին պատասխանել են․ «Հարգելի՛ պարոն Բեգլարյան,
Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին հասցեագրած և 2022 թվականի մայիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարություն վերահասցեագրված թիվ 14/14.6/14909-2022, ինչպես նաև՝ 2022 թվականի մայիսի 17-ին ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրված թիվ Մ/33341-2022 գրությունների՝ հայտնում եմ հետևյալը.
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 14.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով:»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով մշտապես սահմանված կարգով հայտարարվում են մրցույթներ։ Թափուր պաշտոնների համար հայտարարած մրցույթների դիմումներ ներկայացնելու գործընթացը հնարավորինս ազատ է և թափանցիկ:
Ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայումս, քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.penitentiary.am), ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) պարբերաբար հրապարակվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հայտարարություններ:
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի (այդ թվում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քրեակատարողական ծառայողները) կարող է մասնակցել և հաղթող ճանաչվելու դեպքում՝ նշանակվել համապատասխան պաշտոնում:
Այս համատեքստում հարկ է փաստել, որ Դուք մինչ օրս որևէ մրցույթի մասնակցության դիմում չեք ներկայացրել:
Ի լրումն վերոգրյալի՝ հարկ է նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մայիսի 12-ի N 235-Ա հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կրտսեր խմբի պաշտոնները փոխարինվել էին միջին խմբի՝ առաջատար մասնագետի պաշտոններով՝ 2022 թվականի մայիսի 19-ին քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված բոլոր ծառայողները, այդ թվում՝ Դուք, հրավիրվել էիք քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ հետագա ծառայության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչից Դուք հրաժարվել էիք»,-նշվում է պատասխանին: