Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 27-րդ գործողությամբ նախատեսված է իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ չի կատարվել։
Զեկույցում ասվում է, որ ապահովված է հասարակության լայն շերտերի կողմից պետության իրավաստեղծ գործընթացին մասնակցության հնարավորությունը: Զուգահեռաբար իրականացվում են www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ:
Հարթակի հետ կապված հանրային իրազեկման միջոցառումներ չեն իրականացվել։ e-draft.am-ի որոշ ֆունկցիաներ այլևս հասանելի չեն։
Սույն միջոցառման շրջանակներում կատարված աշխատանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանրային իրազեկման գործընթացը մեկնարկելու համար որոշակի աշխատանքներ են իրականացվել, տեղեկատվական նյութեր են մշակվել, զուգահեռաբար աշխատանքներ են ձեռնարկվել հարթակի բարելավման նպատակով ֆինանսական աջակցության ստացման համար։
Այսինքն, թեև օգտատերերի ակտիվություն է նկատվել, ինչը բխում է նրանից, որ շուրջ 2 անգամ աճել է գրանցված օգտատերերի քանակը, ինչպես նաև այցելուների քանակը՝ 22,1 %-ով, սակայն 2021 թվականին ներկայացված առաջարկությունների անկում է գրանցվել։ Ինչպես պարզ դարձավ շահագրգիռ կողմերի հետ անցկացված ֆոկուս խմբային քննարկման (ՖՔԽ) արդյունքներից՝ այս անկումը պայմանավորված է նրանով, որ հարթակում ներկայացված առաջարկները չեն ընդունվում պատասխանատու գերատեսչությունների կողմից։ Պետական մարմինների հետ անցկացված ՖՔԽ-ի ընթացքում բարձրացված հիմնական մտահոգությունը նույնպես վերաբերում էր վերոգրյալին։ Փորձագետները, մասնավորապես նշում էին, որ վերջին շրջանում չեն ստանում ծանուցումներ հարթակից, այն դեպքում, երբ վերբեռնվում են նոր իրավական ակտերի նախագծեր։
Այսինքն, հանրությունը չի տեղեկացվում թե ինչ նախագծեր եմ մշակվել։ Խնդիր կա նաև նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների ընդունված/չընդունված լինելու ամփոփաթերթերի մասով։ Օրինակ, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ երբեմն e-draft-ում բացասական արձագանքներ ստացած օրենքների նախագծերը հետագայում ընդունվում են և հարց է ծագում, թե որքանով արդյունավետ է հարթակն այս համատեքստում գործում։
ՔՀԿ ներկայացուցիչները և փորձագետները հարցադրում են իրականացնում, թե գործնական քիչ ազդեցություն է ունենում այս հարթակը որոշումների կայացման վրա։ Համաձայն փորձագետի՝ e-draft-ում կարծիքների հավաքագրումը ներկայումս ավելի շատ կրում է ձևական բնույթ և ՔՀԿ-ների, շահագրգիռ կողմերի կողմից ներկայացված առաջարկությունները, կարծիքները պատշաճ արձագանք չեն ստանում։ Այն իրականում դարձել է նախագծերին ծանոթանալու կայք։
Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ հարկ է առավել համալիր ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու այս կամ այն առաջարկն ընդունելու/չընդունելու պատճառները՝ նկատի ունենալով, որ հաճախ ներկայացվում են ոչ վերաբերելի, կարգավորման առարկայի շրջանակին չվերաբերող առաջարկներ: Բացի այդ, չընդունելու պատճառներից է երբեմն ընդհանուր քաղաքականության ուղղվածությանն անհամապատասխանությունը: Այսպիսով, նշված տեղեկատվության, վերստուգիչ ցուցիչի և ակնկալվող արդյունքի համադրությունից հետևում է, որ սույն միջոցառումը չի կատարվել։
Զեկույցի շրջանակներում առաջարկ է ներկայացվել e-draft.am կայքը հասանելի է դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։