Ընտրական օրենսդրության բարեփոխման շրջանակներում բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավում ամբողջությամբ չի կատարվել․ զեկույց

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավում ամբողջությամբ չի կատարվել, այլ՝ մասամբ։

Վերլուծության մեջ նշվում է, որ 07.05.2021թ․ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ընտրական օրենսգրքում, որոնք վերաբերում են նաև ընտրական վարչարարությանը, փոփոխությունների մի զգալի մասը տեխնիկական բնույթի են, իսկ չնչին մասը վերաբերում է վարչարարության բարելավմանը:

Ընտրական վարչարարության արձանագրված հիմնական խնդիրները, որոնք օրենսդրական լուծումներ (այդ թվում օրենսդրական) պետք է ստանան հետևյալներն են.

ա/ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը պետք է տեղադրվի ԿԸՀ-ի համացանցային կայքում այն կարգով և ժամկետներում, ինչպես տեղադրվում է ԿՀԻ-ի ընդունած վարչական ակտը` հանրության համար ապահովելով ԸԸՀ-ի գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը,

բ/ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումները պետք է ընդունի ԿԸՀ-ի նիստերի ընթացքում` նորմատիվ ակտերի տեսքով, որը չի արվել Ազգային Ժողովի վերջին ընտրությունների ժամանակ,

գ/ Տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը պետքվերանայվի` ապահովելու համ ար ՏԸՀ-ների անկախությունը` այդ թվում կառավարող քաղաքական ուժից,

դ/ Տեղամասայի ընտրական հանձնաժողվների նախագահների և քարտուղարների համար պետք սահմանվի կրթական ու ընտրական հանձնաժողովներում աշխատանքային փորձառության ցենզ` ապահովելու համար հանձնաժողովների աշխատանքների արհեստավարժությունը:

Այդ մասին ասված է նաև ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում. «ԿԸՀ-ն իր աշխատանքը պետք է իրականացնի կոլեգիալ, թափանցիկ և արհեստավարժ կերպով՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները։ Այն ունի ունի նորմատիվ ակտեր ընդունելու իրավասություն, սակայն 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը կազմված ընտրական ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումների զգալի մասը չեն ընդունվել ԿԸՀ նիստերի ընթացքում և չեն հանդիսացել ֆորմալ ԿԸՀ որոշումների առարկա: ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասը վստահություն է հայտնել ԿԸՀ-ի՝ իր մանդատն արհեստավարժ կերպով իրացնելու կարողության վերաբերյալ: Որոշ մտավախություններ են հնչել ընտրական վարչարարության մարմինների՝ իրենց անկախությունը պահպանելու ունակության վերաբերյալ: Թեև ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները ԸԸՀ-ների աշխատանքը գնահատել են որպես ընդհանուր առմամբ
արհեստավարժ և թափանցիկ, ԸԸՀ որոշումները չեն հրապարակվել առցանց և միատեսակ եղանակով չեն ցուցադրվել հանրությանը տեղեկացնելու համար՝ հակառակ օրենքի պահանջի»:

Բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման տեսանկյունից կարևոր է համապատասխան մարմինների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի ապահովման հարցը, ինչին ևս անդրադարձ է կատարվել ԺՄԻԳ զեկույցի շրջանակներում. «ԿԸՀ-ն պետք է ընդլայնի իր կողմից ստորին օղակի հանձնաժողովների անդամների վերապատրաստումներն արդյունքների արձանագրությունների առումով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՏԸՀ անդամների կողմից ձայների հաշվարկի և արձանագրությունների լրացման և ԸԸՀ անդամների կողմից տվյալների մուտքագրման գործընթացին: Պետք է դիտարկել ԿԸՀ վերապատրաստումներին մասնակցությունը պարտադիր դարձնելը, հատկապես ՏԸՀ նախագահների և քարտուղարների համար»։

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը, չնայած առկա մի շարք խնդիրներին, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մասամբ իրականացվել է ընտրական վարչարարության բարելավման վերաբերյալ իրավակարգավորումները:

Վերլուծության եզրակացության և առաջարկությունների բաժնում անդրադարձ է կատարվել նաև այս գործողությանը։ Դրանում ասվում է․ «Ընտրական վեճերի գործընթացները հստակեցում` դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով իրավակարգավորումների և պրակտիկայի վերլուծությունը, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ չի իրականացվել Ռազմավարության ընտրական վեճերի գործընթացները հստակեցմանը՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով առանձնահատուկ նպատակը, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ վեճերի լուծման համար Վարչական դատարանի համար սահմանված 7 օրյա ժամկետը պրակտիկայում չի կիրառվել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընտրական վեճի մասով»:

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել