Նորաստեղծ՝ «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» hիմնադրամի առաքելության և ծրագրերի շուրջ Iravaban.net-ը զրուցել է կառույցի համահիմնադիր, գործադիր տնօրենի պաշտոնակատար Գերասիմ Բարսեղյանի հետ:
– Ի՞նչ առաքելություն ունի «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» hիմնադրամը:
– Եթե փորձեմ կարճ ձևակերպել՝ մեր բազային առաքելությունը ժամանակակից կրթական ծրագրերն ու նորարական տեխնոլոգիաները հայկական ֆուտբոլային միջավայր ներմուծելն է:
Ներկայում ֆուտբոլի զարգացման միտումները ստիպում են ամբողջությամբ վերանայել ֆուտբոլի կառավարման փիլիսոփայությունը: Այսօր ֆուտբոլը մեծ շահույթ ապահովող բազմաշերտ բիզնես գործունեություն է, որն արդյունավետորեն զուգորդվում է տեխնոլոգիական նորարարությունների ու գիտակրթական նվաճումների հետ: Իմ խորին համոզմամբ՝ մեր ֆուտբոլի խնդիրների առյուծի բաժինն այս տիրույթում է:
Ցավոք, հայկական ֆուտբոլը հեռու է արդյունավետ բիզնեսի տրամաբանությունից: Ինչ խոսք, խնդիրների մեծ մասն օբյեկտիվ հիմքեր ունի: Օրինակ՝ սահմանափակ ֆինանսական միջոցները, համայնքային մակարդակում կամ Երևանից դուրս ֆուտբոլի զարգացման թույլ նախադրյալները, ինչպես նաև ֆուտբոլը մասնակցային և ներառական դարձնելու իրական խոչընդոտները հենց այն բազային հիմնախնդիրներն են, որոնք զգալիորեն արգելակում են ֆուտբոլի առաջընթացը: Սակայն պետք է նաև փաստել, որ տարիներ շարունակ այս խնդիրներն արդյունավետորեն չեն կառավարվել: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես ակումբային ֆուտբոլին կամ տեղական համայնքային նախագծերին, այնպես էլ ֆուտբոլային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, առհասարակ:
Հիմնադրամի նախաձեռնողները համակարծիք են, որ կենսունակ կրթական ծրագրերով հնարավոր է էապես բարձրացնել մեր ֆուտբոլային տնտեսության մեջ ներգրավված/ներգրավվող մենեջերների, կազմակերպիչների կարողությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կարող է էապես փոխել ստեղծված իրերի կարգը և որակապես այլ հարթություն տեղափոխել հայկական ֆուտբոլը: Այս առումով հատկապես պետք է խրախուսել բանիմաց, առաջադեմ, ժամանակակից տեխնոլոգիաներին հակված և տիրապետող երիտասարդների ներհոսքը մեր ֆուտբոլային միջավայր:
Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից է տարբեր մակարդակներում հայկական ֆուտբոլի շահերի պաշտպանությունը, որը նախևառաջ հասկանում ենք ֆուտբոլային դերակատարների գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում:
-Փորձենք մի փոքր բացել Հիմնադրամի ծրագրերը: Ի՞նչ թիրախային խնդիրներ են լուծելու դրանք և ովքե՞ր են հիմնական շահառուները:
-Հիմնադրամի կարևոր առաջնահերթությունը կամ առանցքային ծրագիրը գիտակրթական ամենախիստ չափորոշիչներին համապատասխանող բարձրագույն ուսումնական հաստատության (մագիստրոսական ծրագիր) հիմնումն է: Նախատեսում ենք երկու տարվա ընթացքում կյանքի կոչել բավական հավակնոտ այս ծրագիրը: Խորապես գիտակցում ենք, որ իրականում գործ ունենք բարդ նախագծի հետ, սակայն այս առումով լավատեսական հիմքերն ավելի քան առկա են: Իսկ մինչ այդ, չորս հիմնական ուղղություններով մեր մասնագետները մշակում են կարճաժամկետ թրեյնինգների ծրագրեր: Այս տեսակետից ֆուտբոլային կառավարումը դիտարկում ենք որպես բազային մոդուլ, որը ներառելու է մի շարք թիրախային ուղղություններ: Խոսքը նախևառաջ վերաբերում է ֆինանսական, վարչական և ներկայում մեծ պահանջարկ ունեցող հակաճգնաժամային կառավարմանը: Երկրորդը՝ «մարքեթինգը և PR-ը ֆուտբոլում» մոդուլն է, որի դերը չափազանց մեծ է ժամանակակից ֆուտբոլում: Ֆուտբոլային կոմունիկացիան էական նշանակություն ունի, և դրա արդյունավետ կառավարումից է կախված ֆուտբոլային որևէ միավորի հաջողությունը: Հաջորդը՝ ֆուտբոլային հոգեբանություն մոդուլն է, որը ներկայում լայն թափով զարգանում է, և նրա նոր ուղղություններ թափանցում են սպորտային տիրույթ, հատկապես խաղային մարզաձևեր: Վերջապես, չորրորդ ուղղությունը՝ ֆուտբոլային իրավաբանությունն է, որն այսօր շատ «սպեցիֆիկ» մասնագիտական գործունեության բնագավառ է: Այժմ դժվար է պատկերացնել ֆուտբոլային որևէ արդյունավետ գործառնող տնտեսություն առանց ֆուտբոլային իրավաբանության և բարձր որակավորում ունեցող իրավաբանների:
Թե՛ այս, թե՛ առհասարակ մեր բոլոր ծրագրերի հիմնական շահառուների շրջանակը իրականում բավական լայն է: Այս առումով դիտարկում ենք հայկական ֆուտբոլային ակումբներին՝ տարբեր օղակներում ներգրավված կառավարիչներ, կազմակերպիչներ, ֆուտբոլում նոր քայլեր կատարող երիտասարդներին, համայնքային մակարդակում ֆուտբոլային նախաձեռնություններով հանդես եկող շահագրգիռ թիմերին, այլ կերպ ասած, ֆուտբոլային սթարթափերին, կին ֆուտբոլային դերակատարներին և այլն:
Մեր մոտեցումը շատ հստակ է՝ լինելու ենք նրանց կողքին, ովքեր ցանկություն ունեն իրենց գիտելիքներն ու հմտությունները կատարելագործել և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանն ու հանրայնացմանը:
-Ինչ խոսք, Հիմնադրամի նպատակները և դրանց ուղղված ծրագրերը խոստումնալից են, սակայն, Ձեր կարծիքով, դրանք ինչպե՞ս կընդունվեն մեր ֆուտբոլային հանրության կողմից:
– Անշուշտ, գիտակցում ենք, որ իրականում ծանր բեռի տակ ենք մտնում: Սրանով հանդերձ, լավատես ենք, որ հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում մեր ֆուտբոլային հանրության լայն շրջանակներում բազմաթիվ համախոհներ ձեռքբերել: Մեր ծրագրերն իրենց բնույթով համագործակցային ու ներառական են: Դրանք գալիս են գոյություն ունեցող բացը լրացնելու, հայկական ֆուտբոլին օժանդակելու և այն որակապես այլ հարթություն տեղափոխելու համար: Հենց այս սկզբունքներով և իդեալներով առաջնորդվելը կարևոր նախապայման կդառնա ֆուտբոլային ակտիվ դերակատարների հետ մեր արդյունավետ համագործակցության տեսանկյունից:
Այս ամենից զատ, կարծում ենք՝ Հիմնադրամի «այցեքարտը» լինելու է իր գործունեությունը: Եթե այն շոշափելի արդյունքներ արձանագրեց, վստահաբար կունենա համախոհների մեծ բանակ:
Մենք համոզված ենք՝ ֆուտբոլում միայն բարձրորակ կրթության առաջնայնությամբ է հնարավոր արձանագրել մեծագույն նվաճումներ: