Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա

Սպասվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԱԳ նախարար Լավրովը և ՌԴ ռազմական պատվիրակությունը Թուրքիա կժամանեն հունիսի 8-ին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։

«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,-ասել է թուրք նախարարը։

Նրա հայտարարությունը հնչել է երկուշաբթի օրը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։ Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում․ «Իմ ռուս գործընկեր Լավրովի հետ մենք նախատեսում ենք քննարկել նաև ծովով հացահատիկի մատակարարման և անվտանգության միջանցքի բացման հարցերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել