Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություններ են, որոնք գործնականում դրսևորել են միասնություն և եղբայրություն։ Ոչ ոք չի կարող մեզ բաժանել, ստվեր գցել համագործակցության ու բարեկամության վրա։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացվող TEKNOFEST-Azerbaijan ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։
Պետության ղեկավարը նշել է, որ թեև երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 30 տարի առաջ, սակայն երկու պետությունների ժողովուրդների կապերը արմատացած են դարերի խորքում։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ եղել են գործընկերային մակարդակում, իսկ հետո անցյալ տարվա Շուշիի հռչակագրի շնորհիվ հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Անկարան միշտ դեմ է եղել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի «օկուպացմանը» և եղել է արդարության կողքին։
«Թուրքիան Ադրբեջանի կողքին է և՛ վշտի, և՛ ուրախության մեջ։ Մենք Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները հասցրել ենք այնպիսի մակարդակի, որը օրինակ է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը թուրք ազգի պայծառ հաղթանակների շարքի վերջին օղակն է։ Ադրբեջանի 44-օրյա Հայրենական պատերազմը աշխարհին բացահայտեց նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների մակարդակը։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի դեմ, բայց նաև մտադիր չենք զիջել և չենք զիջելու նույնիսկ մի թիզ մեր սեփական հողից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի նախագահի ջանքերին, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։