Դիվանագետին բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդիպել է «Ադրբեջանի տարածքում անօրինական ինքնահռչակ կառույցի» ներկայացուցչի հետ։
«Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններին։ Փարիզի քաղաքապետի նման անպատասխանատու պահվածքը համահունչ չէ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն և վստահություն հաստատելու միջոցառումներին»,- նշել են ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:
Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: