Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։
Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակության անդամները։
«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ ոք չի ցանկանում, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։
Նամակի մեջ մասնավորապես ասվում է․
«Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Եվրամիությանը, որը վրաց ժողովրդի մշակութային ու պատմական ընտրությունն է։ Եվրոպական ընտանիքին անդամակցությունը հնարավորություն է պաշտպանելու օրենքի գերակայությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, անկախ դատական համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և երկրի համընդհանուր ճանաչված մարդու հիմնարար իրավունքները»։
Անդրադարձ է արված նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարների նախաձեռնած «Արևելյան գործընկերության» ծրագրին հաջորդած ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար վիզային ռեժիմի ազատականացմանը և այլ հարցեր։
«Խնդրում ենք դրական որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, որը կապահովի երկրի ժողովրդավարական զարգացումը՝ ներառյալ արդարադատության և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը և Վրաստանի ազատագրումը ռուսական ազդեցությունից…»,- ասված է նամակում։
Նշենք, որ մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան, Ուկրաինայի օրինակով, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ են ներկայացրել։