Պապիկները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել. Արսեն Բաբայան

Գյումրիում «Պապիկներին ծեծելու» գործով պապիկները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։

Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ (պապիկների) ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է:

Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս երկուսի ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի՝ 1999թ. ծնված բնակիչ Վելիխան Խլղաթյանն է, մյուսը՝ Կոտայքի մարզի՝ 1999թ. ծնված բնակիչ Գևորգ Մուրադյանը: Վերջիններս ձերբակալվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել