«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը

Վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա, որտեղ շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։

Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց, որ իրենց նպատակը է թույլ չտալ աշխատողների մուտքը նախագահական նստավայր։

«Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետև երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում։ Հիմա փակում են բոլոր մուտքերը, արգելափակում ենք նախագահականի գործունեությունը»,-նշել է նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։ Այնուհետև «Դիմադրություն» շարժման անդամների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները փորձելով ավելի մեծ ուժեր կուտակել տեղում, հրեցին ակցիայի մասնակիցներին, իսկ վերջիններս վանկարկում են` «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել