Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Վանեցյանը՝ Միկա Բադալյանի կալանավորման մասին

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել ու անդրադարձել բլոգեր Միկա Բադալյանի կալանավորմանը։

«Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղաի՝ Միկայել Բադալյանին:

Վստահաբար և պատասխանատու կերպով ասում եմ, որ այս գործը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայի:

Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է և մենք ունենալու ենք #առանց_թուրքի_Հայաստան»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:

Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել