Միքայել Բադալյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արձանագրենք, որ Մ.Բադալյանի կալանավորումը փաստացի տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ՌԴ դեսպանատան մոտ իր աջակցությունն է ցուցաբերել ՌԴ զինված ուժերին, միևնույն ժամանակ քննադատելով Ուկրաինայի իշխանություւների քաղաքականությունը:

Իսկ դատավոր Մխիթարյանն ինչպես միշտ՝ շատ կանխատեսելի էր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:

Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել