Ի՞նչ սկզբունքներ կարող էր առաջ քաշել Հայաստանը՝ ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը Ադրբեջանի և Հայաստանի հրապարակած կետերի վերաբերյալ վերլուծություն է ներկյացրել, որում նշվում է.

«Մայիսի 13-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած 6 կետերը՝ ի պատասխան մինչ այդ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի, որոնց հիման վրա առաջարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հրապարակած կետերին, վերլուծել դրանց բովանդակությունը։ Հիմնադրամն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են՝ ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։ Նախ հայկական կողմը հապճեպ հայտարարելով, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իր համար ընդունելի են, առանց հաշվի առնելու սեփական առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ի սկզբանե թույլ է տվել կոպիտ դիվանագիտական սխալ՝ Ադրբեջանին հնարավորություն տալով բանակցային գործընթացը տանել բացառապես սեփական օրակարգով, հայկական առաջարկները մղելով երկրորդ պլան։ Այնուհետև, ներկայացնելով խիստ անորոշ և դիվանագիտորեն ոչ պատշաճ ձևակերպված առաջարկներ, հայկական կողմն ավելի է հեշտացրել Ադրբեջանի գործը, այդ թվում՝ ավելի հիմնավոր դարձնելով վերջինիս դիրքորոշումը միջնորդների և միջազգային հանրության շրջանում։

Միաժամանակ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է մի շարք առաջարկներ, որոնք ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայացնելու դեպքում հայկական կողմը կարող էր (կարող է) բանակցային գործընթացի մեկնարկին մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից՝ առկախելով Ադրբեջանի 5 սկզբունքների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման հայտարարումը և հանդես գալով երկու կողմերի առաջ քաշած սկզբունքները մեկ ընդհանուր փաթեթով ընդունելու առաջարկով։

Այսպես՝

 Կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

 Կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառումից, այդ թվում՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման և ժողովուրդների իրահվահավասարության, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները:

 Որպես բանակցությունների մեկնարկ և վստահության մթնոլորտի ամրապնդում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում լուծել երկու երկրների միջև առկա հումանիտար բնույթի բոլոր խնդիրները, մասնավորապես անհապաղ իրականացնել գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հետ կապված միջազգայնորեն ստանձնած բոլորպարտավորությունները։

 Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը, կողմերը հրաժարվում են ուժային եղանակով սահմաններին առկա ստատուս քվոյի ցանկացած փոփոխությունից և վերադառնում են նախքան 2021թ. մայիսի 12-ը սահմաններին առկա ստատուս քվոյին։

 Կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը միջազգայնորեն ստանձնած բոլոր պարտավորությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նախկինում ստորագրված հիմնարար փաստաթղթերի՝ Մադրիդյան սկզբունքների, Մայնդորֆյան հռչակագրի, երկկողմ և բազմակողմ այլ հիմնարար փաստաթղթերի ու հայտարարությունների նկատմամբ։

 Կողմերը հրաժարվում են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այնպիսի մեկնաբանություններից և հավակնություններից, որոնք կասկածի տակ կդնեն տվյալ ենթակառուցվածքի նկատմամբ դրա գտնվելու երկրի սուվերենությունը։

Սրանք միայն այն սակավաթիվ առաջարկներն են, որոնք հայկական կողմը կարող էր ներկայացնել որպես բանակցային
գործընթացի մեկնարկի հիմք և որոնք կարող էն բավականին ընկալելի լինել միջազգային հանրության ու միջնորդների համար։

Այս և այլ սկզբունքները հնարավոր է բարձրաձայնել նաև հետագայում, քանի դեռ բանակցային գործընթացը լիարժեքորեն չի մեկնարկել և դրա հիմքում ընկած սկզբունքներն ամբողջությամբ չեն հստակեցվել։ Հայկական կողմի առաջ քաշած 6 և Ադրբեջանի կողմից ներկայացված 5 առաջարկ-սկզբունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3wvPHdF»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել