«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խոսեց իրենց վաղվա անելիքների մասին:
«Վաղը պետք է պարալիզացնենք ամբողջ քաղաքը։ Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում Ժամը 12:00-ին, բաժանվում ենք 4 խմբի։ Երթերը պետք է լինեն շատ մեծ քանակությամբ, որ ոստիկանությունը հնարավորություն չունենա բերման ենթարկելու:
Պիտի հասնենք նրան, որ ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել:
Ընդամենը 10 օրվա մեջ ժողովրդի մեծ մասին ոտքի ենք հանել։ Եթե էլի ավելանանք և ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Նրա խոսքով՝ ակցիաներին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է մոտենան Ֆրանսիայի հրապարակի վրաններին, գրանցվեն, թողնեն իրենց հեռախոսահամարը, որպեսզի կարողանան նրանց ներգրավվել կոնկրետ միջոցառումների։
Վերջինս հավաքվածներին հորդորեց ուշադրություն չդարձնել բամբասանքներին ու խոսակցություններին և վստահեցրեց, որ հասել են իրենց ծրագրի ավարտական փուլին։