Այսօրվա իշխանությունները խաբել են նաև ինձ, երբ խնդրում էին միանալ իրենց և մասնակցել պետականաշինության գործին. Արսեն Ջուլֆալակյան

Այստեղ հավաքված մարդկանց գլխավոր խնդիրը ոչ թե սոցիալական է, ոչ թե աթոռակռիվ է, ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերել է, այլ բառիս բուն իմաստով հայրենքի փրկության խնդիր է: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին: Դիմում է մարդ, ով կուսակցական չէ, ով չի ներկայացանում ինչ-որ կուսակցության շահերը, դիմում եմ որպես մարդ, ում ամբողջ աշխատանքը նվիրված է Հայաստանի անունը, պատիվը ամբողջ աշխարհում ամենաբարձր ձևով ներկայացնելուն ու պահելուն»,- ասաց նա:

Վերջինս հորդորեց միանալ պայքարին և նշեց, որ իրենց բոլորին իշխանությունը խաբել է, իսկ իրենք ուշադիր չեն եղել, թե ում բերանից են հնչում ամենաճիշտ թեզերը:

«Մեզ խաբել են Արցախի, տարածքային ամբողջականության պահպանման, թռիչքաձև տնտեսության ապահովման, առողջապահության և այլ հարցերում:

Երեկ հպարտ-հպարտ շեշտում էին, թե 9000 զոհ ունենալու պայմաններում հաջողել ենք կորոնավիրուսի դեմ պայքարը: Խաբել են նույնիսկ իրենց այդքան սիրելի՝ ասֆալտի հարցում: Խաբել են նաև ինձ, երբ խնդրում էին միանալ իրենց և մասնակցել պետականաշինության գործին:

Մեզ առաջարկում են հաշտության պայմանագրեր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Բայց ինչի՞ դիմաց։ Մենք ունենք բիզնեսմեն պատգամավորներ, ավելի ճիշտ՝ օլիգարխներ, որոնք գումարներ են խոստանում, այսինքն, առաջարկում են վաճառվել։ Մոռացե՞լ ենք, թե երկու տարի առաջ պատերազմի ժամանակ ի՞նչ էին անում այդ երկու պետությունները։ Էլ չեմ խոսում Ցեղասպանության մասին»,- ասաց Ջուլֆալակյանը:։

Նրա խոսքով՝ իր 6 տարեկան երեխան Ֆրանսիայի հրապարակում լսել է «Զարթնի՛ր, Լաո» երգը և զգացել բոլորին միավորող հայրենասիրությունը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել