Արաբկիրում կատարված 35-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. ամուսինը ձերբակալվել է

Մայիսի 25-ին Արաբկիրի ոստիկանները Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերեցին 35-ամյա տանտիրուհու դին, որի պարանոցին և դեմքին բռնության հետքեր կային: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր շտապօգնության ենթակայանից՝ ժամը 2-ի սահմաններում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ժամեր առաջ բնակարանում տանտիրուհին վիճել էր ամուսնու հետ, և հենց նա էլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր պատճառել կնոջը:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համագործակցեցին՝ կասկածվողին արագ հայտնաբերելու նպատակով: Զուգահեռ իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ 31-ամյա տղամարդը ժամը 10-ի սահմաններում ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին, ապա տեղափոխվեց Երևան:

Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել