Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտին դասասենյակում գրքերով հարվածներ է հասցրել անգլերենի ուսուցչուհին: Համացանցում դեպքի մասին տեսանյութ է տարածվել:
«Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոց, միջադեպի վերաբերյալ զրուցել աշակերտի ծնողի և դպրոցի տնօրենի հետ:
Աշակերտի մայրը տեղեկացրեց, որ տեսանյութը նկարահանվել է մայիսի 2-ին, սակայն իրեն դա ուղարկել են մայիսի 5-ին:
«Այդ ուսուցչուհին բազմիցս վիրավորել է երեխային: Ուզում եմ պարզաբանում ստանալ, թե ինչու է ուսուցչուհին հենց իմ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում: Երեխան ինձ պատմեց դեպքի մասին, ես նրան ասացի, քանի որ տարվա վերջ է, թող հարթվի գնա, ես կզանգեմ դասղեկի հետ կխոսեմ»,-ասաց նա:
Դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանն ասաց, որ իր մոտ են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները: «Ես սպասում եմ նախարարության և քաղաքապետարանի արձագանքին: Եթե նրանք որոշեն, որ ուսուցչուհին պիտի հեռացվի, ապա կհեռացվի»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ուսուցչուհին արդեն 40 տարվա վաստակավոր մանկավարժ է:
Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում: Հայտարարույան մեջ նշվում է, որ նախարարությունը հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը: