Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նախօրեին դերասան Սոս Ջանիբեկյանի վրա ակցիայի մասնակիցների կողմից շշեր նետելու միջադեպին:
«Ամեն դեպքում՝ ես ասել եմ, կոչ արել եմ, որ պետք չի գնալ սադրանքի, պետք չի բռնություն գործադրել նրանց նկատմամբ, ովքեր այլ կերպ են մտածում, որովհետև մեր նպատակը այլ է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր արժանի են դատապարտման, բայց ամեն դեպքում մեզ համար անընդունելի է փողոցում անհատների նկատմամբ բռնություն գործադրելը: Դա միշտ եղել է այս իշխանությունների ոճը»,-ասաց նա:
Ավելի վաղ՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։
Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ երեկ՝ մայիսի 4-ին, երբ Սոս Ջանիբեկյանն անցնում էր մայթով, մասնակիցները նրա ուղղությամբ շշեր նետեցին՝ գոռալով՝ «թուրք»։