«Մեր հայրենակիցները փողոցում են, կան ինքնակազմակերպված խմբեր, ինքնուրույն ակցիաներով են հանդես գալիս՝ պահանջելով օրվա իշխանության հրաժարականը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Երևանի կենտրոնը պարալիզացված է, մարզային մի շարք ճանապարհներ՝ Սևան-Երևան, Սպիտակ-Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի, նույնպես փակել են քաղաքացիները՝ ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի և ստիպված պետք է հեռանա։
Ի. Սաղաթելյանն ասաց, որ այսօր ակցիայի մասնակիցներով եղել են ԵՊՀ-ում, 10 լսարանից 8-ը դատարկ էր, գրատախտակներին գրված՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր լաո»։
«Դասադուլն, ըստ էության, շարունակվում է, ԵՊՀ-ում 80 տոկոս դասադուլ է, տարբեր բուհերում նույնպես։ Որքան շուտ ամբողջական դուրս գանք փողոց, այնքան արագ կլուծենք սրանց հարցերը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա հայտնեց, որ այսօր ակցիայի ավելի քան 200 մասնակից է բերման ենթարկվել, սակայն իրենց թիվն այդպես ոչ թե պակասում է, այլ գնալով ավելանում է. «Հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, ամեն ինչ լավ է լինելու, մեր ժողովրդի պայքարն անկասելի է, սրա վերջն ավարտվելու է մեր հաղթանակով»։
Ի. Սաղաթելյանն ասաց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 16։00-ն, որից հետո ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն՝ ամփոփելու այսօրն ու միասին պլանավորելու վաղվա անելիքները։
«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին դուրս գալ փողոց, միանալ փողոցում գտնվող իրենց քույրերին, եղբայրներին։ Այս պայքարն այլևս անկասելի է։ Այս օրերի ընթացքում ապացուցել ենք, վերջնականապես փաստենք ու ցույց տանք այս դավաճան իշխանությանը, որը երկրը փորձում է տանել նոր զիջումների, մանդատ չունի և րոպե առաջ պետք է հեռանա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։