Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարություւնից։
«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը:
Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:
«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան:
Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին․
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
30-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: