Կենսաթոշակի եւ նպաստների տրամադրման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում` Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ : ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով` հայտնի են դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստն ավելին է եղել, քան պայմանագրային սերժանտինը: Առաջարկվում է այն սահմանել նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով: Ըստ փոխնախարարի` այս դեպքում խնդիրը կլուծվի` ըստ կոչումների եւ կարգավիճակի:
Գործադիրի մյուս առաջարկները խմբագրական բնույթի են:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը, քանի որ այն բարելավող նշանակություն ունի:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: