Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ապագայում չեն դադարի․ Պենտագոն

ԱՄՆ-ը չի ակնկալում, որ Ուկրաինայում մարտերը կավարտվեն առաջիկա օրերին կամ շաբաթներին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին. «Մենք չենք ակնկալում, որ դա կավարտվի առաջիկա օրերին կամ նույնիսկ շաբաթներին: Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունները կարող են ավելի երկար տևել»:

Պենտագոնի խոսնակը հավելել է, որ Ուկրաինայում բռնություններին կարող են վերջ դնել այսօր, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «բարեխիղճ բանակցությունների գնա Վլադիմիր Զելենսկու հետ». «Ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անելու մտադրություն չունի: Ես դա հասկանում եմ: Այնուամենայնիվ, դա չի փոխում այն փաստը, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել