Նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին հանձնել է լրացված հարցաթերթիկը, որպեսզի Ուկրաինան ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Տեղեկանում ենք Ukrinform-ից:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս կարևոր հանդիպման համար։ Այսօր մեր պետության համար Եվրամիություն մտնելու փուլերից մեկն է, այն ձգտումը, որով շարժվում և պայքարում է մեր ժողովուրդը»,-ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ժողովրդին միավորում է միտքը, որ իրենց հավասար դիրքերում զգան Եվրոպային, Եվրամիությանը:
«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք անդամակցության թեկնածու: Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ վերջնական փուլը: Մենք խորապես հավատում ենք, որ այս ընթացակարգը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում, և դա դրական կլինի մեր պատմության համար»,-ասել է նախագահը։
Մաասիկասի խոսքով՝ Ուկրաինայի պատասխանները հարցաթերթիկին շատ արագ կվերլուծեն։
Միևնույն ժամանակ Մաասիկասը ընդգծել է Եվրահանձնաժողովի` անդամակցության քաղաքական և տնտեսական չափանիշներին համապատասխանության հարցաթերթի լրացման արտակարգ արագությունը։
«Եվս մեկ քայլ Ուկրաինայի՝ ԵՄ ճանապարհին. ինձ համար պատիվ է Զելենսկիից ստանալ Եվրահանձնաժողովի հարցաշարի պատասխանը, որը ֆոն դեր Լեյենն է հանձնել ընդամենը 10 օր առաջ։ Արտակարգ ժամանակները պահանջում են արտառոց քայլեր և արտակարգ արագություն»,- գրել է դիվանագետը Twitter-ում: