Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկ հանդիպումը ռուս-ուկրաինական խաղաղության հնարավոր պայմանագրի համար բավարար չի լինի, ասել է Վլադիմիր Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Տեղեկանում ենք Радио Sputnik-ից։
«Ես կողմ եմ Ռուսաստանի հետ մեր հանդիպումն ավելի արագ դարձնելուն: Չեմ կարծում, որ կարելի է մեկ անգամ հանդիպել և ամեն ինչի շուրջ պայմանավորվել, որովհետև հարցերը շատ են», – մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» նրա խոսքերը։
Զելենսկին հավելել է, որ Դոնբասի և Ղրիմի հետ կապված հարցերը մնում են հակասական։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։