Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու հավանականությունը չափազանց ցածր է։
Այս մասին համազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն, փոխանցում է Ukrinform-ի թղթակիցը։
«Այս պահին որևէ միջուկային հարվածի մասին խոսք չկա։ Կարո՞ղ ենք տեսականորեն դա բացառել. ոչ, ցավոք, չենք կարող, բայց հավանականությունը չափազանց ցածր է»,- ասել է նա։
Ներքին գործերի նախարարի խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք օգտագործել միայն որպես վերջին միջոց, քանի որ դրանից հետո ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո մնացած ամենամոտ դաշնակիցները կարող են լքել Ռուսաստանին, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը։
Բացի այդ, Դենիսենկոն հավելել է, որ Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացնում է ուկրաինական զորքերի շրջափակման և Ուկրաինայի արևելյան շրջանում ռազմական գործողությունների վրա։ Նրա խոսքով՝ հիմնական իրադարձությունները, որոնք Ուկրաինան կդիտարկի «առաջիկա օրերին, իսկ գուցե շաբաթներին», կլինեն Դոնբասի իրադարձությունները։
Ինչպես հաղորդվում է, ռուսական տեղեկատվական տարածքում սկսվել է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու մասին տեղեկատվության տարածման նոր ալիք։
Պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը հայտարարել է, որ Ուկրաինայի հետախուզությունը և արտաքին հետախուզությունը տեղեկություն չունեն, որ Ռուսաստանը մտադիր է զանգվածային ոչնչացման զենք կիրառել Ուկրաինայի դեմ, մասնավորապես՝ միջուկային զենք։
———————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։