Ուղղաթիռները ներառված են Վաշինգտոնի՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Որոշ ժամանակ պարզ չէր, թե արդյոք Ուկրաինային պետք են լրացուցիչ այն ուղղաթիռներից, որոնք մենք նախկինում նրանց տրամադրել էինք: Այսօր նրանք հասկացրեցին մեզ, որ ցանկանում են իրենց տրամադրենք այդ ուղղաթիռները՝ որպես ռազմական օգնություն»,- ասել է նա:
Ավելի վաղ Politico-ի թղթակից Ալեքս Ուարդը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է ուղղաթիռներ ներառել Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում։ Դա արվել է Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։