Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը և հետաձգել զինծառայողների զորացրումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ ապրիլի 12-ին, հրամանագիր է ստորագրել այս տարվա գարնանային զորակոչը չեղարկելու մասին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում, նախատեսում է փոփոխություններ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Ժամկետային զինվորական ծառայության համար զինվորական անձնակազմի ռեզերվ տեղափոխելու մասին» հրամանագրում։

Հրամանագրով հետաձգվում է նաև ներկայումս զինծառայության մեջ գտնվող զինվորների զորացրումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել