Կուրսկի մարզում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի դեղին (բարձր) մակարդակ: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կսահմանվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ։ Սա սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է։ Դրանք երեքն են. բարձրացող՝ կապույտ, բարձր՝ դեղին, իսկ վերջինը՝ կարմիր:
Մարզի բնակիչներ, խնդրում եմ զգոն լինել՝ կասկածելի քաղաքացիների նկատելիս դիմեք ոստիկանություն: Խնդրում ենք հանգստություն պահպանել և օգնեք մեր հատուկ ծառայություններին»,- գրել է մարզի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ մարզի տարածքում ստեղծվել են դիտակետեր, որտեղ տեղակայվելու են զինվորականներ և ոստիկաններ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։