Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքում է քիչ առաջ սոցցանցերում ակտիվ քննարկման առարկա դարձած Formula հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, ըստ որի Ստեփանծմինդա-Լարս մաքսակետը առանց համարանիշի ռազմական նշանակության մեքենաներ են հատել։
Հեռուսաընկերության տվյալներով՝ նրանց տրամադրել են տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են տասնյակ տարբեր տեսակի ռազմական մեքենաներ շարժվում Լարսի մաքսակետում։
«Երկրի բոլոր մաքսային անցակետերում ցանկացած տեսակի ապրանք՝ ռազմական և երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում ընդգրկված բոլոր ապրանքները ենթակա են խիստ մաքսային հսկողության»-փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ մաքսակետը հատող մեքենան ռազմական նշանակություն չունի և պատկանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի:
«Ինչ վերաբերում է «Ֆորմուլա» հեռուստաընկերության վերջերս հրապարակած կադրերին, ապա եկամուտների ծառայությունը հանրությանը պարզաբանում է, որ անցած շաբաթվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս մաքսակետով Վրաստանի տարածքով (Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ) անցել է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձին պատկանող 19 «KAMAZ» մակնիշի ոչ ռազմական նշանակության փոխադրամիջոց:
Պետեկամուտների ծառայության տվյալներով՝ Վրաստանի և միջազգային մաքսային կանոններին լիովին համապատասխան՝ բեռնատարները հաշվառվել են և շարժվել դեպի նշանակման երկիր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել էր Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում: