ԱՄՆ Սենատը ապրիլի 7-ին հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն նախաձեռնությունն արդեն ստացել է բավարար ձայներ՝ հաստատվելու համար։ Բոլոր 100 սենատորները պաշտպանել են օրինագիծը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։
Մարտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն էր տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու և ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու միջոցներ ձեռնարկելու օրինագծին: Սակայն Սենատում նախաձեռնությունը քննարկելիս որոշ փոփոխություններ են արվել։ Այս կապակցությամբ փաստաթուղթն այժմ հետ կուղարկվի ստորին պալատ, որը, ինչպես սպասվում է, կվերանայի այն ապրիլի 7-ին ավելի ուշ:
Եթե օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա այն կանցնի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։