Միավորվելու և սեփական ժողովրդին միշտ հիշելու ունակության շնորհիվ Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. «Այսօր Ուկրաինայի անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը: Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա», – դիմելով արևմտյան առաջնորդներին՝ նշել է նա:
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։
«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին, վստահ եմ, մարդիկ անհամբեր սպասում են: Ակնհայտ է, որ սա բարդ պատմություն է։ Բարդ ճանապարհ… Մեր նպատակն է, որ Ուկրաինան անհրաժեշտ արդյունք ստանա այս բարդ բանակցային աշխատանքում», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան զգում և գնահատում է արևմտյան երկրների աջակցությունը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի եվրոպական հեռանկարն իրականություն է դառնում. «Մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձության միջով։ Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք։ Պետք է դիմանալ: Մենք պետք է պայքարենք. մենք հաղթելու ենք. ես գիտեմ դա, ես հավատում եմ դրան»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։