Նիկոլաևի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության «Կալիբր» հրթիռը հարվածել է զորամասին, որտեղ քնած են եղել ուկրաինացի զինվորները, փոխանցում է Украинская правда-ն:
«Ռուսաստանի ԶՈւ-ն առավոտյան ժամը 5.15-ին հարձակվել է մեր քաղաքի վրա, ստոր ու ցինիկ ձևով, երբ մարդիկ քնած էին: Խոշոր տրամաչափի հրթիռը հարվածել է 79-րդ զորամիավորման բրիգադին, որտեղ զինվորները պարզապես քնած էին։
Զոհվել է ութ մարդ, ութը անհետ կորել է, 19-ը՝ վիրավորվել, խաղաղ բնակչության մասին տվյալները ճշտվում են»,- ասել է Կիմը:
Ինչ վերաբերում է մարտերին, Կիմն ասել է, որ ուկրաինական հրետանին հերոսաբար ետ է մղել քաղաքը պաշարել փորձող ուժերին։ Մարզային պետական վարչակազմի ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն հրահանգ է ունեցել ամեն գնով վերցնել Նիկոլաևը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։