ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել Ուկրաինայի հաղթանակի հարցում և ասել, որ Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին և մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին նա ասել է Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ukrinform-ը։
«Մենք տեսնում ենք այն օգնության ազդեցությունը, որը կարողացանք տրամադրել Ուկրաինային, և մենք շարունակում ենք այն տրամադրել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինացիները ցուցաբերում են անհավանական խիզախություն՝ հակազդելու Ռուսաստանի ագրեսիային, որն ի սկզբանե ուներ անհամաչափ ավելի մեծ ուժ, քան Ուկրաինան, և դեռ ունակ է սարսափելի հարձակումներ իրականացնել խաղաղ բնակչության դեմ։
«Մենք ձգտում ենք, որ դա հնարավորինս շուտ դադարեցվի, ուստի մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, աջակցել Ուկրաինային», – ընդգծել է Բլինքենը:
Նա ևս մեկ անգամ ասել է, որ ռուսների կողմից Ուկրաինայի որոշ քաղաքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելը չի երաշխավորի նրանց հաջողությունը։
«Դա չի լինի։ Մեկ շաբաթից, մեկ ամսից կամ ավելի երկար։ Ես միանգամայն վստահ եմ, որ Ուկրաինան կհաղթի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։