Ռուսական և ուկրաինական կողմերի միջև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, թեև նրանցից սպասելիքները չեն արդարացվել։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո, փոխանցում է ТАСС-ը։
«Բանակցություններից մեր ակնկալիքները չարդարացան, բայց հուսով ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք ավելի էական քայլեր կատարել, բանակցությունները կշարունակվեն»,- ասել է նա։
Ռուսաստանի Դաշնությունը հումանիտար միջանցքների հարցը ուկրաինական պատվիրակության առաջ դրել է, ասել է նա։
Մեդինսկին հույս է հայտնել, որ հումանիտար միջանցքները կսկսեն աշխատել երեքշաբթի։
Ռուսաստանի Դաշնությունը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց, նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։