Կանադան նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադան անհատական պատժամիջոցներ է սահմանել ևս 10 հոգու նկատմամբ, որոնք, ըստ Օտտավայի, առնչություն ունեն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Այսօր Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում տասը ֆիզիկական անձնանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն այս չարդարացված ներխուժման հետ։ Ցանկը ներառում է նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների, ՌԴ ղեկավարության կողմնակիցների», – ասել է Թրյուդոն։

Գործակալությունը հայտնում է, որ այդ անձանց ցանկում են ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, Russia Today մեդիաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և միլիարդատեր Օլեգ Դերիպասկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել