Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի պաշտպանության բոլոր գծերը պահպանվել են, ռուսական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում ռազմավարական ուղղություններից որևէ մեկում հաջողություն չեն գրանցել։ Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում։
«Մենք կանգնած ենք այնպես, որ զավթիչները ստիպված եղան փոխել իրենց մարտավարությունը։ Ռուսական հրթիռային և ռմբակոծությունները ուկրաինական քաղաքներին խոստովանություն են, որ նրանք մեր հողի վրա որևէ նշանակալի բան չէին կարող անել։ Մեր պաշտպանության բոլոր գծերը պահպանվել են, և հակառակորդը ռազմավարական ոչ մի ուղղությամբ հաջողություն չի գրանցում. նրանք (ռուս զինվորականները-խմբ.) ճնշված են, դատապարտված են»,- ընդգծել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։