Իր համակրած աշակերտուհուն նայելու համար երիտասարդը տղաների հետ «հաշիվ է մաքրել»

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Դավիթ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Դավիթ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ Երևանի թիվ X դպրոցի աշակերտուհի Ինեսա Գրիգորյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի X շենքի ետնամասում վիճաբանել է Աշոտ Հայրապետյանի, նրա ընկերներ Արման Վիգենյանի և Լևոն Սոսյանի հետ, որի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Արման Վիգենյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։

Գործով մեղադրյալ Դավիթ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել