Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացնող ազդանշան է միացվել, իսկ մայրաքաղաքում հզոր պայթյունների ձայներ են լսվում։ Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գերագույն Ռադայի Տելեգրամի ալիքը։
«Գրեթե ամբողջ Ուկրաինայում օդային վտանգի մասին է հայտարարվել. Կիև, Խարկով, Լվով, Վոլինի մարզ, Ժիտոմիր, Իվանո-Ֆրանկովսկ, Կամյանեց-Պոդիլսկի, Կալուշ, Խմելնիցկի, Չերկասի, Կիևի մարզ, Չեռնովցի»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Միաժամանակ ականատեսները հայտնում են, որ ուժգին պայթյուններ են լսվում մայրաքաղաքում։
Կենտրոնական երկաթուղային կայարանի տարածքում ծուխ է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։