ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել Ռուսաստանին անհապաղ զորքերը դուրս բերել Ուկրաինայից. Украинская правда

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր՝ մարտի 2-ին, բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և կոչ է անում Մոսկվային անհապաղ դուրս բերել բոլոր ուժերը Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։ Ինքը՝ Ռուսաստանը, որը ներգրավված է Բելառուս, Սիրիա, Էրիթրեա և Հյուսիսային Կորեա ներխուժմանը, դեմ է քվեարկել փաստաթղթին։

«Գլխավոր ասամբլեան պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը և զերծ մնալ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի դեմ անօրինական սպառնալիքներից կամ ուժի կիրառումից: Ասամբլեան նաև պահանջում է Ռուսաստանից անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասվում է բանաձևում։

Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության փետրվարի 21-ի որոշումը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջանների կարգավիճակի վերաբերյալ, որը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին:

Գլխավոր ասամբլեան Ռուսաստանից պահանջում է նաև անհապաղ և անվերապահորեն չեղարկել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների կարգավիճակի մասին որոշումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել