Ուկրաինան թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Վերջինս տեղեկացրել է, որ թուրքական ԱԹՍ-ներն արդեն անցել են մարտական հեթապահության:
Նախարարը նաև նշել է, որ ստանալու են նաև «Սթինգեր» շարժական զենիթահրթիռային համալիրի և «Ջավելին» հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։