Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 2-ին, հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։
Զելենսկու խոսքով՝ զրույցի ընթացքում նրանք քննարկել է ռուսական կողմի ագրեսիան։ Իսրայելի կառավարության ղեկավարի հետ զրույցի մասին այլ մանրամասներ Ուկրաինայի ղեկավարը չի հայտնել։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը Իսրայելի վարչապետին խնդրել է միջնորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հետ կապված: Այս մասին հայտնում է Financial Times-ը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Բենեթը Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդությունը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ շփումները տարբեր մակարդակներով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։