Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պայմաններն են՝ հրադադարը և ռուսական ամբողջ զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից:
Նրա խոսքով՝ միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն հրապարակել ընդհանուր հայտարարը։
Արեստովիչը բացատրել է, որ Կիևն առաջին անգամ հրաժարվել է մասնակցել բանակցություններին, քանի որ ռուսական կողմը ցանկանում էր կապիտուլյացիա իրականացնել:
«Մենք գրասենյակում սրտանց ծիծաղեցինք և առաջին անգամ հրաժարվեցինք բանակցել: Փաստը, որ Ռուսաստանն է մեզանից առաջինը բանակցություններ խնդրում, իմ տեսանկյունից շատ բան է ասում, նրանք խոստացան հեռացնել նախապայմանները՝ պայմանավորվեցինք»,-ասել է նա:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե խոսքը Դոնբասի մասին է, Արեստովիչն ասաց. «Դոնբասի և Ղրիմի մասին: Բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից պետք է հեռանան: Մեր զորքերը բոլորին, այնուամենայնիվ, կթաղեն, ուստի ավելի լավ է ինքնակամ հեռանալ»:
Պատասխանելով բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ նա նշեց, որ դա բանակցություններ չի անվանի։ Նրա խոսքով՝ Կիևը դա անվանում է խորհրդակցություններ։