Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Известия.iz-ը:
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների, ինչպես նաև պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչներ։ Ռուսաստանը պատրաստ է զրույց ունենալ Գոմելում:
Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ իրենք նախապատրաստել են հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ և այժմ զբաղված են արարողակարգային հարցերի լուծմամբ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։