Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սկսվել է SWIFT միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանի անջատման նախապատրաստումը։
«Պաշտոնական որոշում դեռ չի կայացվել, սակայն որոշման տեխնիկական նախապատրաստական աշխատանքները և այս պատժամիջոցի կիրարկումն արդեն սկսվել են։
Աշխատել է ուկրաինական ամբողջ դիվանագիտությունը՝ սկսած Ուկրաինայի նախագահից մինչև դեսպանատան կցորդը։
Շնորհակալություն նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես՝ ուկրաինական սփյուռքին, ովքեր ճնշում են գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա՝ աջակցելու այս որոշմանը։
Այս հաղթանակը նվիրված է Ուկրաինայի բոլոր պաշտպաններին»,-գրել է նա։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։