Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել 300 ռուս ժամկետային զինծառայողի․ Укринформ

Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել 300 ռուս ժամկետային զինծառայողի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է Укринформ-ը։

Արեստովիչը հիշեցրել է, որ պաշտպանության նախարարությունը թեժ գիծ է ստեղծել ռուս օկուպանտ-զինվորականների հարազատների համար։

«Սա մեր բարի կամքի ժեստն է ռուս մայրերի նկատմամբ, որոնց երեխաները սպանվում են Ուկրաինայում խելագար Պուտինի ռեժիմի կողմից»,- ասել է Արեստովիչը։

Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները սկսել են զանգվածաբար հանձնվել։

«Նույնիսկ բարձրաստիճան սպաներն են հանձնվում, օրինակ՝ շաբաթ օրը գերեվարվել է զորամասի շտաբի պետը, տանկային գումարտակի հրամանատարը»,-նշել է նա։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել