Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլինի «երրորդ համաշխարհային պատերազմը»։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենի հետ հարցազրույցում։ ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ տեսանյութը YouTube-ում հրապարակվել է շաբաթ օրը։
«Տեսեք, կար երկու տարբերակ՝ սկսել երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել պատերազմ Ռուսաստանի հետ, կամ անել այնպես, որ այդ երկրի միջազգային իրավունքին այդքան հակասելը վճարի իր գինը»,-ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ մինչ այժմ սահմանված պատժամիջոցները դարձել են, իր տեսանկյունից, պատմության մեջ ամենախոշորը։
«Եվ Ռուսաստանը դրա համար լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Բայդենը։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։