Ուկրաինայի արևելքում դանիացի լրագրողներ են վիրավորվել․ ТАСС

Դանիական Ekstra Bladet թերթի լրագրողի և լուսանկարչի մեքենան կրակի է ենթարկվել Ուկրաինայի արևելյան Ախտիրկա քաղաքի մոտ։ Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ուրախ ենք, որ ողջ ենք, տրամադրությունը լավ է, չնայած հանգամանքներին, հույս ունենք, որ շուտով տանը կլինենք»,-ասել է նրանցից մեկը։

Երկու լրագրողներն էլ արդեն երկու տարի է, ինչ մշտապես բնակվում են Ուկրաինայում և որպես անկախ աշխատում են Ekstra Bladet-ում և դանիական և միջազգային այլ լրատվամիջոցներում։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել