Ինչպե՞ս է ԱԺ-ն քննարկում միջազգային պայմանագրի վավերացման հարցը

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքով:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:

Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման մասին որոշման նախագիծը քննարկվում է հարցերի քննարկման համար սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:

Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով։

Վերը սահմանված կարգը տարածվում է նաև միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու վրա:

Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին և, համաձայն կառավարության տեղեկանքի (տեղեկանքների), համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին նախագիծը (նախագծերը):

Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որին միանալու որոշումն ընդունել է Ազգային ժողովը, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելը հիմնավորող տեղեկանքով:

Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի ներկայացման և քննարկման նկատմամբ կիրառվում են հարցի քննարկման համար սահմանված կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել