Ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները սահմանված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով։
Դրանք են․
- հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).
- պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).
- առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).
- ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):
Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է կրկին օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, ովքեր են նպաստի իրավունք ունեցող անձինք։ Ըստ որի․
1․ Վերոնշյալ օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Անձը սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:
5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: